Բլոկչեյն - տվյալներ պարունակող բլոկների շղթա, որը 21-րդ դարում ստեղծում է նոր, հեղափոխական հնարավորություններ կառավարման և օպերացիոն գործընթացների կազմակերպման հարցերում։
Բլոկչեյն եզրույթը առաջին անգամ կիրառվել և նկարագրվել է 1991 թվականին մի խումբ հետազոտողների կողմից և ի սկզբանե միտված է եղել պաշտպանել թվային փաստաթղթերը կեղծիքներից։ Սակայն բլոկչեյնը ավելի հայտնի և կիրառելի դարձավ բիթքոինի ներմուծումից հետո։ Այդ պատճառով էլ բլոկչեյն տեխնոլոգիան ասոցացվում է կրիպտոարժույթի հետ։ Այնուամենայնիվ, բլոկչեյնն ավելին է, քան կրիպտոարժույթի պահպանման հարթակ։
Բլոկչեյնը բլոկների շղթա է, որտեղ յուրաքանչյուր բլոկ պարունակում է որոշակի տվյալ և ունի հստակ կոդավորում։
Բլոկչեյնը դասական տվյալների բազաներից տարբերվում է իր առանձնահատկություններով և հետաքրքիր կառուցվածքով։
- Բլոկչեյնում առկա տվյալները թափանցիկ են և հասանելի բոլոր օգտատերերին,
- իր կառուցվածքի շնորհիվ այն անվտանգ է․ ցանկացած անձ, ով միանում է ցանցին, ձեռք է բերում բլոկչեյնի իր կրկնօրինակը և ինքնուրույն ստուգում տվյալների
- ամբողջականությունը,
- միջնորդավորման բացակայության շնորհիվ այն վստահելի է․ չկա կենտրոնացված մոդել, որտեղ համակարգի օգտատերը ստիպված լինի վստահել տվյալներ տրամադրող կենտրոնին կամ սերվերին,
- Smart contract-ի միջոցով բլոկչեյնում պահվող տվյալների աշխատանքը ավտոմատացվում է,
- երբ ինչ-որ տեղեկություն ներմուծվում է բլեկչեյն, այն այլևս անհնար է փոխել,
- բլոկչեյնը հնարավորություն է տալիս կատարել անանուն գործարքներ։
Թե ինչ տվյալներ են պահվում բլոկներում, կախված է բլոկչեյնի տեսակից։ Օրինակ՝ բիթքոինի բլոկչեյնը պարունակում է տվյալներ կատարվող գործարքների, փոխանցումների, գումարը ուղարկողի և ստացողի մասին։
Բիթքոինի օգտատերերը համակարգում ներկայացվում են, ոչ թե իրենց անձնական տվյալներով, այլ իրենց թվային դրամապանակներով, որոնք նույնականացվում են չկրկնվող համարներով։ Բոլոր դրամապանակների պարունակությունը հայտնի է, սակայն մասնակցի անձի մասին տվյալներ համակարգում չեն պահպանվում։
Չնայած բլոկչեյն համակարգը առավել տարածվել է բիթքոինի միջոցով, այն կառավարման լայն հնարավորություններ կարող է ընձեռել ամենատարբեր ոլորտներում՝ սկսած բժշկական գրառումներից, բանկային փոխանցումներից մինչև պետական կառավարում, ընտրությունների կազմակերպում։